Ձեր անվտանգությունը

Ձեր անվտանգությունը մեզ համար առաջին տեղում է:

Եթե ձեր տվյալներն ապահով չեն, ապա դրանք այլևս ձերը չեն: Ահա թե ինչու ենք մենք հետևում, որ Google-ի ծառայությունները, ինչպես օրինակ՝ Որոնումը, Քարտեզները և YouTube-ը, պաշտպանված լինեն աշխարհի ամենաժամանակակից անվտանգության ենթակառուցվածքներով:

Գաղտնագրման միջոցով ձեր տվյալները գաղտնի են պահվում փոխադրման ընթացքում

Գաղտնագրումը անվտանգության ու գաղտնիության բարձր մակարդակ է ապահովում մեր ծառայություններում: Երբ դուք նամակ եք ուղարկում, տեսանյութ հրապարակում, ինչ-որ կայք այցելում կամ պահում ձեր լուսանկարները, ձեր ստեղծած տվյալները փոխանցվում են ձեր մյուս սարքեր, Google-ի ծառայություններ և մեր տվյալների կենտրոններ: Այս տվյալները պաշտպանվում են անվտանգության բազմաթիվ շերտերով, այդ թվում՝ գաղտնագրման առաջատար տեխնոլոգիաներով, ինչպես օրինակ՝ HTTPS-ը և TLS-ը։

Մեր ամպային ենթակառուցվածքը պաշտպանում է ձեր տվյալները 24/7 ռեժիմով

Սկսած հատուկ մշակված տվյալների կենտրոններից մինչև անդրօվկիանոսյան մալուխները, որոնք փոխադրում են տվյալները մայրցամաքների միջև, Google-ը աշխատեցնում է աշխարհի ամենաանվտանգ և հուսալի ամպային ենթակառուցվածքները: Դրանք անընդմեջ վերահսկվում են՝ ձեր տվյալները պաշտպանելու և անհրաժեշտության դեպքում ձեզ հասանելի դարձնելու համար: Ի դեպ, մենք բաշխում ենք տվյալները բազմաթիվ տվյալների կենտրոնների միջև, որպեսզի արտակարգ իրավիճակներում դրանք հեշտությամբ ինքնուրույն անցնեն այլ կայուն և ապահով վայրեր:

Վտանգի հայտնաբերումը օգնում է պաշտպանել մեր ծառայությունները

Մենք շարունակաբար վերահսկում ենք մեր ծառայությունները և դրանց հիմքում ընկած ենթակառուցվածքները, որպեսզի դրանք պաշտպանենք վտանգներից, այդ թվում՝ լցոնից, վնասագրերից, վիրուսներից և վնասակար ծրագրային կոդերի այլ ձևերից:

Մենք կառավարություններին ձեր տվյալների անմիջական օգտագործման թույլտվություն չենք տրամադրում

Մենք երբեք ձեր տվյալների կամ դրանք պահող մեր սերվերների օգտագործման գաղտնի թույլտվություն չենք տրամադրում: Սա նշանակում է, որ ոչ մի պետական մարմին՝ ԱՄՆ-ի թե մեկ այլ, մեր օգտվողների տեղեկությունների անմիջական օգտագործման թույլտվություն չունի: Լինում են դեպքեր, երբ մենք իրավապահ մարմիններից ստանում ենք օգտվողի տվյալների վերաբերյալ հարցումներ: Մեր իրավաբանների թիմն ուսումնասիրում է այս հարցումները և մերժում, եթե հարցումը չափազանց ընդհանուր է կամ ճիշտ գործընթացով չէ ներկայացված: Ծառայությունների և տվյալների հասանելիության մասին հաշվետվությունում մենք արել ենք առավելագույնը, որպեսզի անկեղծ լինենք տվյալների այս տեսակ հարցումների մասին:

Էյֆելյան աշտարակի մասնակիորեն գաղտնագրված լուսանկար

Gmail-ում գաղտնագրման շնորհիվ նամակները մնում են գաղտնի

Իր ստեղծման պահից ի վեր Gmail-ն աջակցել է կապի գաղտնագրումը, որն օգնում է պաշտպանել ձեր փոստը չարագործներից։ Gmail-ը նաև զգուշացնում է անվտանգության հնարավոր ռիսկերի մասին, ինչպես օրինակ՝ երբ նամակ եք ստանում, որը չի ուղարկվել գաղտնագրված կապով:

Gmail-ը զգուշացնում է վտանգավոր նամակի մասին

Gmail-ի լցոնի պաշտպանությունը զտում է կասկածելի նամակները

Վնասագրերի և ֆիշինգի բազմաթիվ հարձակումներ սկսվում են էլեկտրոնային նամակից: Gmail-ի անվտանգությունը պաշտպանում է ձեզ լցոնից, ֆիշինգից և վնասարար նյութերից ավելի լավ, քան էլփոստի մյուս ծառայությունները: Gmail-ը վերլուծում է միլիարդավոր հաղորդագրություններից վերցված կաղապարները՝ օգտվողի կողմից որպես լցոն նշված նամակների առանձնահատկությունները որոշելու համար, ապա դրանք օգտագործում է կասկածելի կամ վտանգավոր նամակներն արգելափակելու համար՝ նախքան դրանք կհասնեն ձեզ: Դուք կարող եք օգնել՝ ձեր ստացած կասկածելի նամակների համար նշելով «Հաղորդել լցոնի մասին»:

Մեքենայական ուսուցման և արհեստական բանականության շնորհիվ Gmail-ի լցոնի զտիչը էլ ավելի ճշգրիտ է: Ներկայումս այն չի թողնում, որ լցոնի 99.9%-ը մտնի ձեր մուտքի արկղ:

Chrome դիտարկիչը անվտանգության թարմացման ընթացքով

Chrome-ում ավտոմատ թարմացվում են անվտանգության համակարգերը

Անվտանգության տեխնոլոգիաներն անընդհատ փոխվում են, ուստի պաշտպանված լինելու համար անհրաժեշտ է քայլել ժամանակին համընթաց: Այդ իսկ պատճառով Chrome-ը պարբերաբար ստուգում է, որ ձեր օգտագործած դիտարկիչի տարբերակը թարմացվի անվտանգության վերջին շտկումներով, վնասագրերից և մոլորեցնող կայքերից պաշտպանությունով և այլն: Chrome-ը թարմացվում է ավտոմատ կերպով, այնպես որ ձեզ պաշտպանում են Chrome-ի անվտանգության վերջին տեխնոլոգիաները։

Վնասակար հավելվածը սողոսկում է սարքի մեջ

Google Play-ում գործում է պաշտպանություն վնասակար հավելվածներից

Ձեր սարքի անվտանգության ամենամեծ սպառնալիքներից կարող են լինել ձեր տեղադրած հավելվածները: Մեր հայտնաբերման համակարգը գտնում է հնարավոր վնասակար հավելվածները, նախքան Play Խանութում դրանց հայտնվելը: Եթե մենք վստահ չենք, որ հավելվածն անվտանգ է, ապա Android-ի անվտանգության թիմի անդմաներն այն առանձին դիտարկում են: Թարմացնելով մեր հայտնաբերման համակարգը՝ մենք վերագնահատում ենք արդեն իսկ Google Խանութում հայտված հավելվածները և հեռացնում հնարավոր վտանգ ներկայացնողները, որպեսզի դրանք չհայտնվեն ձեր սարքում:

Google-ը արգելափակում է վնասարար և ապակողմնորոշող գովազդները

Համացանցում ձեր աշխատանքը կարող է խաթարվել գովազդներից, որոնք վնասագրեր են պարունակում, ծածկում են բովանդակությունը, որը ուզում եք տեսնել, խթանում են կեղծ ապրանքներ կամ այլ կերպ խախտում մեր գովազդային քաղաքականությունը: Մենք շատ լուրջ ենք մոտենում այս խնդրին: Ամեն տարի մեր մասնագետները և ճշգրիտ ծրագրերը համատեղ արգելափակում են մոտ մեկ միլիարդ վատորակ գովազդ: Մենք նաև տրամադրում ենք ձեզ գործիքներ, որոնցով կարող եք հաղորդել վիրավորական գովազդի մասին և կառավարել ձեզ ցուցադրվող գովազդի տեսակները: Այս ամենի հետ մեկտեղ մենք ակտիվորեն կիսում ենք մեր գաղափարները և փորձը` համացանցը բոլորի համար ապահով դարձնելու նպատակով:

Խորհուրդներ, որոնք կօգնեն ապահովել ձեր անվտանգությունը համացանցում

Պաշտպանեք ձեր անձնական տվյալներն ու առցանց հաշիվները՝ հետևելով այս խորհուրդներին

  • Ապահովեք ձեր սարքերի անվտանգությունը

  • Խուսափեք ֆիշինգից

  • Անվտանգ օգտվեք համացանցից

Google-ի անվտանգության վահանն ու ստուգացանկը

Ստեղծեք հուսալի գաղտնաբառեր

Առցանց հաշիվները պաշտպանելու ամենակարևոր քայլը հզոր և հուսալի գաղտնաբառ ստեղծելն է։ Այդ նպատակով կարող եք օգտագործել ձեզ համար հիշվող, բայց ուրիշների համար դժվար կռահելի բառաշարքեր։ Կամ ընտրեք մի երկար նախադասություն և գաղտնաբառը կազմեք դրա առաջին տառերով։ Ինչպես նաև գաղտնաբառի նիշերի թիվը թող լինի առնվազն 8-ը, քանի որ երկար գաղտնաբառերն ավելի հզոր են։

Անվտանգության հարցեր սահմանելու դեպքում կարող եք նշել կեղծ պատասխաններ, որպեսզի դրանք ավելի դժվար լինի կռահել։

Երբեք մի՛ օգտագործեք նույն գաղտնաբառը երկու անգամ

Յուրաքանչյուր հաշվի համար օգտագործեք եզակի գաղտնաբառ

Միևնույն գաղտնաբառն օգտագործելով տարբեր հաշիվներում (օր.՝ Google հաշվում, սոցցանցերի պրոֆիլներում և առցանց խանութներում)՝ դուք մեծացնում եք վտանգի ռիսկը։ Դա նման է այն բանին, որ միևնույն բանալիով կողպեք տան, ավտոմեքենայի և գրասենյակի դռները։ Չարագործը, ունենալով մեկի բանալին, կկարողանա բացել բոլոր երեքը։

Պահեք ձեր գաղտնաբառերը

Գաղտնաբառերի կառավարիչները, օրինակ՝ Google Smart Lock֊ը Chrome դիտարկիչում, օգնում են պաշտպանել ձեր հաշիվների գաղտնաբառերն ու պահել դրանք մեկ տեղում։ Դրանք կարող են նույնիսկ պահել ձեր անվտանգության հարցերի պատասխանները և ձեզ համար ստեղծել պատահական գաղտնաբառեր։

Պաշտպանեք ձեր հաշիվը հաքերներից երկքայլ հաստատման միջոցով

Երկքայլ հաստատումն օգնում է հաշիվը զերծ պահել անցանկալի մուտքերից՝ մուտք գործելու համար ձեզանից պահանջելով անցնել երկրորդ քայլը։ Դա կարող է լինել վեցանիշ կոդ՝ ստեղծված Google Authenticator հավելվածի կողմից, կամ մուտքը վստահելի սարքից հաստատելու հրավեր Google հավելվածում։

Ֆիշինգից լրացուցիչ պաշտպանության նպատակով կարող եք օգտագործել անվտանգության ֆիզիկական բանալի, որը տեղադրվում է ձեր համակարգչի USB միացքում կամ միանում է ձեր բջջային սարքին NFC-ի (մոտ տարածությամբ հաղորդակցում) կամ Bluetooth-ի միջոցով։

Միշտ թարմացրեք ծրագրերը

Անվտանգության խոցելիությունից պաշտպանված լինելու համար միշտ օգտագործեք թարմացված ծրագրեր ձեր դիտարկիչում, օպերացիոն համակարգում, փլագիններում և տեքստային խմբագրիչներում։ Երբ ստանում եք ծրագրերը թարմացնելու անհրաժեշտության մասին ծանուցում, արեք դա հնարավորինս շուտ։

Պարբերաբար համոզվեք, որ օգտագործում եք ծրագրերի հասանելի վերջին տարբերակները։ Որոշ ծառայություններ, այդ թվում՝ Chrome դիտարկիչը, ավտոմատ կթարմացվեն։

Օգտագործեք էկրանի կողպում

Երբ դուք չեք օգտագործում ձեր համակարգիչը, նոթբուքը, պլանշետը կամ հեռախոսը, կողպեք դրա էկրանը և թույլ մի՛ տվեք այլ անձանց օգտագործել այն։ Անվտանգության նկատառումներից ելնելով` կարգավորեք ձեր սարքն այնպես, որ քնի ռեժիմին անցնելուց հետո այն ավտոմատ կողպվի։

Հեռախոսը կորցնելու դեպքում կողպեք այն

Եթե ձեր հեռախոսը երբևէ կորի կամ այն գողանան, այցելեք Իմ հաշիվը և ընտրեք «Գտնել հեռախոսը»՝ ձեր տվյալները մի քանի արագ գործողությունների միջոցով պաշտպանելու համար։ Անկախ այն բանից՝ ձեր սարքն Android է, թե iOS՝ դուք կարող եք այն հեռակա տեղորոշել և կողպել, որպեսզի որևէ կողմնակի անձի հասանելի չդառնան սարքն ու ձեր անձնական տվյալները։

Դիտարկիչում ցուցադրվում են Chrome-ում պաշտպանված գաղտնաբառերը

Հեռախոսում վտանգավոր հավելվածներ մի՛ պահեք

Բջջային հավելվածները ներբեռնեք միայն վստահելի աղբյուրներից։ Android սարքերի անվտանգությունն ապահովելու համար Google Play Protect֊ն անցկացնում է անվտանգության ստուգում Google Play Խանութի հավելվածներում՝ նախքան դուք կկարողանաք դրանք ներբեռնել։ Ինչպես նաև այն պարբերաբար ստուգում է ձեր սարքում այլ աղբյուրներից ներբեռնված վտանգավոր հավելվածների առկայությունը։

Ձեր տվյալները պաշտպանելու համար.

  • Դիտեք ձեր հավելվածները և ջնջեք դրանցից չօգտագործվողները:
  • Այցելեք ձեր հավելվածների խանութի կարգավորումներ և միացրեք ինքնաթարմացումը։
  • Ձեր գաղտնի տվյալները, օրինակ՝ լուսանկարներն ու տեղադրության մասին տվյալները, հասանելի դարձրեք միայն վստահելի հավելվածներին։

Զգուշացեք էլփոստով խաբեությունից, կեղծ մրցանակներից ու նվերներից

Անծանոթներից ստացված հաղորդագրությունները միշտ կասկածելի են, հատկապես երբ դրանք չափազանց լավն են իրական լինելու համար։ Դրանց օրինակներ են նամակները, որոնք հայտնում են, որ ինչ-որ բան եք շահել, առաջարկում են մրցանակներ հարցմանը մասնակցելու համար կամ գովազդում են գումար վաստակելու արագ միջոցներ։ Երբեք մի՛ սեղմեք կասկածելի հղումների վրա և ձեր անձնական տվյալները մի՛ մուտքագրեք անվստահելի ձևերում ու հարցումներում։

Զգուշացեք անձնական տվյալների հարցումներից

Մի՛ պատասխանեք կասկածելի նամակների, ակնթարթային հաղորդագրություններին կամ ելնող պատուհաններին, որոնք խնդրում են մուտքագրել անձնական տեղեկություններ, օրինակ՝ գաղտնաբառեր, բանկային հաշվի կամ վարկային քարտի համարներ, և նույնիսկ ձեր ծննդյան օրը։ Անգամ եթե հաղորդագրությունը ստանում եք վստահելի կայքից, օրինակ՝ ձեր բանկից, երբեք մի՛ սեղմեք հղման վրա կամ ուղարկեք պատասխան։ Ավելի լավ է անմիջապես անցնել այդ կայք կամ հավելված և այնտեղ հաշիվ մուտք գործել։

Հիշե՛ք, որ օրինական կայքերն ու ծառայությունները սովորաբար չեն ուղարկում հաղորդագրություններ և խնդրում էլփոստով ուղարկել գաղտնաբառեր կամ ֆինանսական տեղեկություններ։

Զգույշ եղեք նմանակողներից

Եթե նամակ եք ստանում ձեր ծանոթից, սակայն հաղորդագրությունը ձեզ տարօրինակ է թվում, հնարավոր է նրա հաշիվը կոտրել են։

Զգուշացեք՝

  • Գումարի շտապ խնդրանքներից
  • Մարդկանցից, որոնք պնդում են, որ դժվար իրավիճակում են հայտվել մեկ այլ երկրում
  • Մարդկանցից, որոնք ասում են, որ իրենց հեռախոսը գողացել են և զանգելու հնարավորություն չունեն

Մի՛ պատասխանեք հաղորդագրություններին կամ սեղմեք հղումների վրա, եթե վստահ չեք, որ տվյալ նամակն օրինական է։

Նախքան ֆայլեր ներբեռնելը մանրակրկիտ ստուգեք դրանք

Ֆիշինգի որոշ հնարամիտ հարձակումներ կարող են տեղի ունենալ վարակված փաստաթղթերի և PDF կցորդների միջոցով։ Եթե ձեզ կասկածելի կցորդ հանդիպի, անվտանգ բացեք այն Chrome-ի կամ Google Drive-ի միջոցով և նվազեցրեք սարքը վարակելու ռիսկերը։ Վիրուս հայտնաբերելու դեպքում մենք ձեզ զգուշացում կցուցադրենք։

Օգտագործեք անվտանգ ցանցեր

Զգույշ եղեք հանրային կամ անվճար Wi-Fi օգտագործելիս (նույնիսկ երբ միանալու համար գաղտնաբառ է պահանջվում)։ Երբ դուք միանում եք հանրային ցանցի, շրջակայքում գտնվող ցանկացած մարդ կարող է հետևել համացանցում ձեր գործողություններին, օրինակ՝ դիտել ձեր այցելած կայքերը և այնտեղ մուտքագրած տվյալները։ Եթե հանրային կամ անվճար Wi-Fi-ը ձեր կապի միակ տարբերակն է, Chrome դիտարկիչը հասցեագոտում ձեզ կտեղեկացնի՝ արդյոք կայքն անվտանգ է։

Գաղտնի տեղեկություններ մուտքագրելիս ընտրեք ապահով կապ

Երբ դուք շրջում եք համացանցում և հատկապես երբ պատրաստվում եք գաղտնի տվյալներ մուտքագրել, օրինակ՝ գաղտնաբառ կամ վարկային քարտի տվյալներ, համոզվեք, որ ձեր այցելած կայքերին միացել եք անվտանգ եղանակով։ Անվտանգ URL-ները սկսում են HTTPS-ով։ Chrome դիտարկիչը URL-ի դաշտում ցույց կտա փակ կողպեքի կանաչ պատկերակ՝ «Secure» գրվածքով։ Եթե հասցեն ապահով չէ, գրված կլինի «Not Secure»։ HTTPS-ն օգնում է ապահով օգտվել համացանցից՝ դիտարկիչը կամ հավելվածը անվտանգ միացնելով ձեր այցելած կայքերին։