Ձեր տվյալները

Մենք ուզում ենք, որ ձեզ համար պարզ լինի, թե ինչ տվյալներ ենք հավաքում և օգտագործում:

Երբ օգտվում եք Google-ի ծառայություններից, դուք մեզ եք վստահում ձեր տվյալները: Մեր պարտականությունն է, որ հստակ ներկայացնենք, թե ինչ տվյալներ ենք հավաքում և ինչպես ենք դրանք օգտագործում` մեր ծառայությունները ձեզ համար ավելի արդյունավետ դարձնելու համար:

Ստորև ներկայացված են տվյալների այն երեք տեսակները, որոնք մենք հավաքում ենք:

Ձեր գործողությունները

Երբ դուք օգտագործում եք մեր ծառայությունները, օրինակ` որոնում Google-ում, ստանում ուղղություններ Google Քարտեզներում կամ դիտում տեսանյութ YouTube-ում, մենք տվյալներ ենք հավաքում՝ այդ ծառայությունները ձեզ համար ավելի արդյունավետ դարձնելու համար: Այդ տվյալները կարող են ներառել՝

  • որոնման հարցումները
  • ձեր այցելած կայքերը
  • ձեր դիտած տեսանյութերը
  • գովազդները, որոնց վրա սեղմում եք
  • ձեր տեղադրությունը
  • սարքի մասին տեղեկությունները
  • IP հասցեն և cookie ֆայլերը

ձեր ստեղծած բովանդակությունը

Եթե մուտք եք գործել Google հաշիվ, մենք պահում և պաշտպանում ենք մեր ծառայությունների միջոցով ձեր ստեղծած բովանդակությունը: Այն կարող է ներառել՝

  • Gmail-ում ձեր ուղարկած և ստացած նամակները
  • ձեր ավելացրած կոնտակտները
  • միջոցառումներն Օրացույցում
  • ձեր վերբեռնած լուսանկարներն ու տեսանյութերը
  • փաստաթղթերը, աղյուսակները և ներկայացումները Google Drive-ում

Ձեր անձնական տվյալները

Երբ գրանցում եք Google հաշիվ, մենք պահում ենք ձեր տրամադրած հիմնական տեղեկությունները: Սա կարող է ներառել ձեր`

  • անունը
  • էլփոստի հասցեն և գաղտնաբառը
  • ծննդյան օրը
  • սեռը
  • հեռախոսահամարը
  • երկիրը

Ինչպես են տվյալների միջոցով օպտիմալացվում Google-ի ծառայությունները

Ձեր տվյալների շնորհիվ հետևյալ ծառայությունները դառնում են ավելի արագ և օգտակար։

Google Քարտեզները սմարթֆոնում

Երթուղիների որոնում Google Քարտեզներում

Երբ դուք օգտագործում եք Google Քարտեզներ հավելվածը, ձեր հեռախոսը Google-ին ուղարկում է անանուն տվյալներ ձեր տեղադրության մասին: Դրանք համադրվում են ձեր շուրջ գտնվող մարդկանց տվյալների հետ՝ երթևեկության իրավիճակը որոշելու համար: Օրինակ՝ ծառայությունը կարող է հայտնաբերել, երբ բազմաթիվ մեքենաներ դանդաղ շարժվում են միևնույն ճանապարհով, և ձեզ տեղեկացնել դժվարանցանելի երթևեկության մասին: Այնպես որ մյուս վարորդների տվյալների շնորհիվ է, որ Google Քարտեզներ ծառայությունը ձեզ զգուշացնում է ճանապարհային պատահարների մասին և ավելի արագ երթուղի առաջարկում:

Google Որոնման գոտին ինքնալրացումով

Հարցումների ինքնալրացում

Նկատե՞լ եք, որ երբ որևէ բան որոնելիս տպագրական սխալ եք անում, Google-ն ինչ-որ կերպ կռահում է, թե ինչ նկատի ունեիք։ Մեր ուղղագրության ուղղման համակարգը ձեր սխալը շտկելու համար օգտագործում է այն մարդկանց տվյալները, ովքեր նախկինում արել են միևնույն սխալը: Այդպես մենք հասկանում ենք, որ եթե մուտքագրել եք «Barsalona», ապա ամենայն հավանականությամբ նկատի եք ունեցել «Barcelona»:

Ձեր որոնման պատմությունը ևս կարող է օգնել Google-ին ինքնալրացնել ձեր որոնումները: Եթե նախկինում որոնել եք «Barcelona flights», մենք կառաջարկենք դա որոնման վանդակում, մինչ դուք կավարտեք մուտքագրել այն: Կամ եթե ֆուտբոլային ակումբի երկրպագու եք և հաճախակի որոնում եք «Barcelona scores», մենք անմիջապես կառաջարկենք ձեզ այդ հարցումը։

Ինքնալրացված ձև Chrome-ի ներդիրում

Ձևերի ինքնալրացում Chrome-ում

Ամեն անգամ, երբ առցանց գնումներ եք կատարում կամ հաշիվ եք գրանցում, դուք ժամանակ եք ծախսում ձեր անձնական տվյալները ձևերում լրացնելու համար: Chrome-ն օգտագործելու դեպքում մենք կարող ենք պահել ձեր անունը, հասցեն, հեռախոսահամարը, էլփոստի հասցեն և վճարային տվյալները, և ձեր փոխարեն ինքնալրացնել այդ ձևերը: Իհարկե դուք կարող եք փոփոխել ինքնալրացված դաշտերը կամ ընդհանրապես անջատել այս կարգավորումը:

Google Որոնման գոտին՝ պրոֆիլի լուսանկարով և անձնական արդյունքների ցուցադրման կոճակով

Ֆայլերի և տվյալների որոնում

Google Որոնումը կարող է օգտակար տեղեկություններ առբերել Gmail-ից, Google Լուսանկարներից, Օրացույցից և այլ ծառայություններից և դրանք ցուցադրել ձեր որոնման արդյունքներում, որպեսզի ստիպված չլինեք փնտրել ինքներդ: Պարզապես որոնեք «այց ատամնաբույժին», «ցույց տալ իմ լուսանկարները ծովափում» կամ «ուր է հյուրանոցի իմ ամրագրումը»։ Հաշիվ մուտք գործած ժամանակ այս տեղեկությունները դուրս կբերվեն Google-ի այլ ծառայություններից և ձեզ կհասցվեն ընդամենը մեկ քայլով:

Զրույց օգտատիրոջ և Google օգնականի միջև

Ինչպես կարող է Google օգնականն օգնել աշխատանքի մեջ

Այն միշտ պատրաստ է օգնելու ձեզ թե՛ տանը, թե՛ ճանապարհին: Ձեր հարցերին պատասխանելու և հրահանգները կատարելու համար Օգնականն օգտվում է Google-ի ծառայությունների հավաքած տվյլաներից։ Օրինակ` եթե հարցնեք «Ի՞նչ սրճարաններ կան մոտակայքում» կամ «Այսօր անձրևանոց վերցնելու կարիք կա՞», պատասխանելու համար Օգնականը կօգտագործի տեղեկություններ Google Քարտեզներից և Google Որոնումից, ինչպես նաև ձեր գտնվելու վայրը, հետաքրքրություններն ու նախընտրանքները: Ձեր և Օգնականի փոխգործության արդյունքում գոյացած տվյալները կարող եք տեսնել կամ ջնջել Իմ գործողությունները բաժնում։

Վերահսկեք ձեր գաղտնիությունը Google-ում

Գործիքներ, որոնց միջոցով ցանկացած պահի կարող եք կառավարել ձեր տվյալների գաղտնիությունը:

Դիտարկիչ, որում ցուցադրված է Իմ հաշիվը

«Իմ հաշիվը» բաժինը

Անկախ նրանից` ունեք Google հաշիվ, թե ոչ, ինքներդ եք որոշում, թե ինչ տեղեկությունների միջոցով ձեր պահանջներին հարմարեցնել Google-ի ծառայությունները: Ձեր անձնական տեղեկությունները կառավարելու և գաղտնիությունը պաշտպանելու գործիքները կարող եք գտնել Իմ հաշիվը բաժնում:

Նախորդ որոնումները Chrome-ի պատուհանում

Իմ գործողությունների պատմությունը

Իմ գործողությունները բաժնում պահվում են ձեր կատարած որոնումների հարցումները, ձեր դիտած տեսանյութերն ու շատ այլ տվյալներ։ Որպեսզի հեշտությամբ գտնեք ձեր նախորդ գործողությունները, մենք հնարավորություն ենք տալիս որոնելու դրանք ըստ թեմայի, ամսաթվի և ծառայության։ Դուք կարող եք ընդմիշտ ջնջել որոշակի գործողություններ կամ նույնիսկ ամբողջ թեմաներ, որոնք չեք ուզում կապված լինեն ձեր հաշվի հետ:

Chrome-ի ինկոգնիտո ռեժիմի պատկերակ

Ինկոգնիտո ռեժիմ

Ձեր վեբ պատմությունը կարող է նպաստել, որ որոնման արդյունքներն ավելի օգտակար դառնան, սակայն հնարավոր է, որ երբեմն ցանկանաք համացանցում գաղտնի շրջել: Եթե համակարգիչն օգտագործում եք ձեր սիրելիի հետ համատեղ, ապա հնարավոր է, որ չցանկանաք, որ ձեր այցելությունների պատմությունը փչացնի նրա ծննդյան օրվա անակնկալ նվերը, որը փնտրում եք: Նման պահերի համար բացեք ինկոգնիտո պատուհան համակարգչում կամ բջջային սարքում, որպեսզի թույլ չտաք, որ Google Chrome-ը պահի ձեր այցելությունների պատմությունը: